Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Արմեն Սարգսյան. Պետք է ավելի շատ ջանք ու եռանդ ուղղել քաղաքների ու գյուղերի վերականգնմանը

Արմեն Սարգսյան. Պետք է ավելի շատ ջանք ու եռանդ ուղղել քաղաքների ու գյուղերի վերականգնմանը
07.12.2020 | 22:35

«Նույնիսկ այս վիճակում մենք իրավունք չունենք հուսահատվել։ Պետք է ամեն ինչ անենք, որ ապաքինվեն երկրաշարժի վերքերը», - հայտարարել է նախագահ Արմեն Սարգսյանը 1988 թվականի երկրաշարժի տարելիցի կապակցությամբ ուղերձում:


«32 տարի առաջ ավերիչ երկրաշարժին զոհ գնացած մեր բազմահազար հայրենակիցների հիշատակն այս տարի ոգեկոչում ենք ևս մեկ ցավ ունենալով մեր հոգում։ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմի հետևանքով ունենք մեծաթիվ մարդկային կորուստներ, կորցրել ենք նաև Արցախի տարածքի մի մասը։ Ի հետևանք՝ երկրում առկա է բազմաշերտ ճգնաժամ՝ բարոյահոգեբանականից, առողջապահականից մինչև սոցիալ-տնտեսական։


Եվս մեկ անգամ իմ ցավակցությունն ու աջակցությունն եմ հայտնում զոհերի ընտանիքներին ու հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում ապաքինում», - նշել է նախագահը: Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ պետք է ավելի շատ ջանք ու եռանդ ուղղենք քաղաքների ու գյուղերի վերականգնմանն ու զարգացմանը:
Երկրաշարժի, պատերազմի հետևանքներին, ըստ նախագահի, այս օրերին ավելացել է ներքաղաքական անհանգիստ վիճակը երկրում. «Այստեղ էլ մենք հուսահատվելու և հույզերին տրվելու իրավունք չունենք»։
«Մեր փրկությունն ազգային համաձայնությունն ու միասնականությունն են։ Վստահաբար, դրա շնորհիվ էր, որ կարողացանք հառնել 1988-ի երկրաշարժի ավերակներից և այսօր էլ պարտավոր ենք համախմբված դուրս գալ ստեղծված իրավիճակից։ Հանուն մեր հերոսների, որ նահատակվել են վերջին պատերազմում, հանուն մեր այն հայրենակիցների, որ զոհ գնացին 1988-ի երկրաշարժին։


Խոնարհվում եմ նրանց բոլորի հիշատակի առջև, առողջություն, տոկունություն ու հաստատակամություն եմ մաղթում նրանց ընտանիքներին ու բոլորիդ, և խաղաղություն ու բարգավաճում մեր երկրին», - նաև նշել է նախագահը։

Դիտվել է՝ 1587

Մեկնաբանություններ